National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.09.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
1 / 18

Սեպտեմբերի 26-ին Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը տոնում էր իր ութսունամյակը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ: Հովիկ Աբրահամյանը գրադարանի նախասրահում ծանոթացավ բուհի կողմից հրատարակված իրավագիտական գրականությանը:

Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի կարգադրությամբ իրավագիտության ասպարեզում մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած ավանդի համար իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աիդա Իսկոյանը պարգեւատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում, իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Հարություն Խաչիկյանը եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Վաղարշյանը ստացան շնորհակալագրեր: ՀՀ Նախագահի պարգեւները հանձնեց ՀՀ ԱԺ նախագահը: Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ երկարատեւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալներով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանին, ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Սամվել Դիլբանդյանին, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռաֆայել Եղյանին, ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ Գեւորգ Հովսեփյանին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի արհմիության նախագահ Աշոտ Պետրոսյանին:

Շնորհավորելով տոնի կապակցությամբ` Ազգային ժողովի նախագահն ասաց. «Ինքս այս ֆակուլտետի շրջանավարտ չեմ, ի տարբերություն այս դահլիճում նստած շատ-շատերի, ովքեր բախտ ու պատիվ են ունեցել ուսանել այստեղ, սակայն պետական համակարգում իմ բազմամյա գործունեության ընթացքում եւ, հատկապես, որպես երկրի օրենսդիր բարձրագույն իշխանության ղեկավար, սերտորեն աշխատել եւ բազմիցս շփվել եմ տարբեր սերունդներ ներկայացնող իրավաբանների հետ: Ասեմ անկեղծ, նրանց մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Երեւանի պետական համալսարանում ուսանած մարդիկ, ովքեր մշտապես աչքի են ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով ու հիմնարար գիտելիքներով: Նշեմ նաեւ, որ իմ գործընկերների` Ազգային ժողովի պատգամավորների մեջ, ինչպես նաեւ խորհրդարանի կազմում կան այս ֆակուլտետի բազմաթիվ շրջանավարտներ, ում արհեստավարժ աշխատանքը մեծապես նպաստում է Ազգային ժողովի արդյունավետ գործունեությանը:» Հովիկ Աբրահամյանի խոսքով` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտները հաջողությամբ են իրենց դրսեւորում իշխանության բոլոր ճյուղերում, պետական համակարգի տարբեր մակարդակներում, որպես պետական պաշտոնյաներ ու հասարակական գործիչներ, որպես իշխանության ներկայացուցիչներ եւ ձեւավորվող քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներ: Այսօր ամենալայն հնարավորություններ են ստեղծված ձեռք բերած գիտելիքները կիրառելու, դրանք փորձի ու հմտության վերածելու, որպես լիարժեք մասնագետ կայանալու համար: Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ինչպես անցած 80 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր շարունակում է պահանջարկ ու վարկանիշ ունենալ, որը պայմանավորված է ոչ միայն իրավաբանի մասնագիտության չհնացող արդիականությամբ, այլեւ ֆակուլտետի բարի ավանդույթներով, պրոֆեսորադասախոսական կազմի` մշտապես կատարելագործվող պրոֆեսիոնալիզմով եւ ժամանակից հետ չմնալու գործնական քայլերով: ԱԺ նախագահը նշեց նաեւ, որ իրավաբանը, ինչպես եւ բժիշկը, իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է առաջնորդվի մարդասիրության սկզբունքներով, որովհետեւ հաճախ նրա աշխատանքից են կախված պետության կայունությունն ու հասարակական անվտանգությունը, մարդկանց ճակատագրերն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն ուղղված բարեփոխումների հաջող ընթացքը:

«Համոզված եմ, որ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում հստակորեն գիտակցում են այդ ամենը եւ այսուհետ եւս շարունակելու են պրոֆեսիոնալ կադրերի պատրաստմամբ, գիտաուսումնական գործընթացների արդյունավետ կազմակերպմամբ նպաստել հայոց պետականության ամրապնդմանը` հանուն ավելի բարեկեցիկ, ավելի ապահով եւ ավելի հզոր Հայաստանի: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իրավաբանական ֆակուլտետի 80-ամյա հոբելյանի առթիվ  եւ մաղթում բոլորիդ բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն մեր հայրենիքի»,-ասաց խորհրդարանի նախագահը:

Շնորհավորանքներին եւ ողջույնի խոսքերին միացան նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ այլոք:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am